15/06/2018 13:05
Սամվել Բաբայանի և մյուսների քրեական գործը դատարանում կքննվի նորովի
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և նրա հետ միասին նույն քրեական գործով անցնող Սանասար Գաբրիելյանի ու Արմեն Պողոսյանի քրեական գործը դատարանում կքննվի նորովի։
Այսօր Վճռաբեկ դատարանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մասնակիորեն և բեկանել առաջին ատյանի կայացրած վճիռը։
Մասնավորապես, Սամվել Բաբայանի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասով և 190 հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը որոշվեց բեկանել ու ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանի վճռով Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել փողերի լվացման և «Իգլա» տեսակի զենք անօրինական Հայաստան բերելու մեղադրանքներում և դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Իսկ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը՝ համապատասխանաբար 3 և 2 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր նաև պատգամավորների կողմից Բաբայանին, Գաբրիելյանին և Պողոսյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այսինքն՝ նրանք համապատասխան գրավը վճարելուց հետո ազատ կարձակվեն։