15/06/2018 16:05
Սամվել Բաբայանը ազատության մեջ է
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նակին հրամանատար Սամվել Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Նրան դիմավորելու համար ՔԿՀ-ի դիմաց մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այդ թվում՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ։ Բաբայանի համակիրները իրենց հետ բերել էին նաև բաժակներ ու մեկ շիշ շամպայն, որը բացեցին, խմեցին՝ շնորհավորելով նրա ազատ արձակումը։
Բաբայանի հետ միասին ազատ արձակվեցին նաև այս գործով ազատազրկվածներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը։
Մինչ այդ, Վճռաբեկ դատարանը որոշել էր բավարարել մի խումբ պատգամավորների երաշխավորությամբ նրա ու այս գործով ազատազրկված Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու մասի միջնորդությունը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարան է ներկայացվել «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությունները՝ Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Պատգամավորները երաշխավորել են, որ Բաբայանը թույլ չի տա «որևէ անթույլատրելի վարքագիծ»։ Դատարանին ներկայացվել էր նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Կարապետյանի, Տիգրան Ստեփանայնի և էլի մի քանիսի անձնական երաշխավորությունը՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի ազատման դիմաց։
Ազատ արձակվելով, նկատենք, Բաբայանը մնում է դատական քաշքշուկների առանցքում. նույն Վճռաբեկ դատարանի որոշմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվեց ու կքննվի նորովի։