26/06/2018 10:54
Գյումրիում վթարի հետևանքով ռուս զինծառայող է մահացել
Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ռուս զինծառայող է զոհվել: ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը տեղեկացրել է, որ փրկարարական ծառայությունը ահազանգ է ստացել 1-03 ծառայությունից այն մասին, որ Բուլվարային թաղամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա արգելափակված մեքենա:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով:
Տեղում պարզվել է, որ Գյումրի Բուլվարային աղամասի 206 տնակային ավանի մոտակայքում հունիսի 26-ին Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 1986 թվականին ծնված Վլադիսլավ Կուլակովը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է կայանված բեռնատար կցորդիչի մեջ: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Զոհվածը Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող է։