09/07/2018 15:06
Պաշտպանության նախարարը չի բացառում, որ առաջիկայում բանակ կզորակոչվեն նաև խոշոր բիզնեսմենների որդիները
Կնկատեք, որ զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ մարդիկ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:
Ճշտող հարցին, թե արդյոք ծառայության կմեկնեն նաև պաշտոնյանների որդիները, Տոնոյանը նշեց.
«Չեմ ուզում կոնկրետ ասել, բայց այդ թվում, հնարավոր է, նաև խոշոր բիզնեսմենների», - ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե որքանո՞վ է անաչառ համարում ԿԳ նախարարի հրամանով ստեղծված ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելությունների հարցազրույցների անցկացման հանձնաժողովի գործունեությունը, որը որոշելու է, թե ովքեր են տարկետում ստանալու և ընդունվելու ասպիրանտուրա՝ Տոնոյանը նշեց.
«Հավատում եմ, որ հանձնաժողովի աշխատանքն անաչառ է եղել, որովհետև հանձնաժողովը հետհեղափոխական ժամանակշրջանում է կազմակերպվել և բավականին մեծ քանակի ուսանողներ դուրս են մնացել: Այսինքն՝ որոշակի ընտրության հարց լուծվել է»:
Տոնոյանը նաև ընդգծեց, որ նորմալ է, երբ որոշ երիտասարդները հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ են մնում:
«Ընտրությունից հետո միշտ ինչ-որ խնդիրներ են առաջանում, կան չհասցրած մարդիկ, կան դժգոհ մարդիկ, կարծում եմ, որ բողոք միշտ լինելու է, դրան պետք է շատ հանգիստ վերաբերվել», - ասաց նա:
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ նախարարը նշեց, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է: