03/09/2018 12:21
Ճապոնիան կթեթևացնի վիզայի պայմանները Հայաստանի քաղաքացիների համար
Հայաստանն ու Ճապոնիան ունեն բավականին լավ համագործակցություն ենթակառուցվածքների զարգացման, իրավական, բնական աղետների ռիսկերի նվազեցման ոլորտներում, այսօր լրագրողների համար Ճապոնիայի ԱԳ նախարար նախարար Տարո Կոնոյի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա շեշտեց, որ Ճապոնիայի քաղաքացիները Հայաստանի հետ ունեն արտոնյալ վիզային ռեժիմ:
«Հույս ունենք, որ մոտ ապագայում կունենանք Տոկիո-Երևան ուղիղ չվերթ», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Իր հերթին արտգործնախարար Տարո Կոնոն նշեց, որ Ճապոնիան որոշել է թեթևացնել վիզայի պայմանները Հայաստանի քաղաքացիների համար:
«Մենք քննարկեցինք՝ ինչպես Հայաստանն ու Ճապոնիան կարող են ավելի սերտ համագործակցել։ Օրինակ՝ Ճապոնիան Հայաստանի հետ համագործակցելու է երիտասարդ դիվանագետների, փաստաբանների և այլ մասնագետների պատրաստման հարցում։ Ճապոնիան որոշել է նաև թեթևացնել վիզայի պայմանները Հայաստանի քաղաքացիների համար», - ասաց Տարո Կանոն։
Նրա խոսքով՝ Ճապոնիան այս ընթացքում առաջարկել է Կովկասյան նախաձեռնություն սկսել։
«Այն երկու հենասյուն ունի՝ օժանդակություն է տրամադրվելու մարդկային ռեսուրսների զարգացման համար, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացման ու բիզնես միջավայրի բարելավման համար», - ասաց Ճապոնիայի արտգործնախարարը։