30/10/2018 12:49
Հայաստանի նոր կառավարության ու ԵՄ միջև համագործակցությունը շարունակվում է, հնարավոր է՝ առաջիկայում նոր համաձայնագրեր լինեն. Սվիտալսկի
Հայաստանի նոր կառավարության ու Եվրամիության միջև համագործակցությունը շարունակվում է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ նոր թիմը որոշակի փոփոխություններ է ներկայացրել.
«Սակայն նոր կառավարությունը ցուցաբերեց ճկունություն և պրագմատիզմ, ու կարող եմ ասել, որ բավարարված եմ մեր համագործակցությամբ։ Մենք երկխոսություններ ունենք Կառավարության հետ 2019թ.-ի գործողությունների պլանի վերաբերյալ։ Նոր կառավարությունը առաջնահերթությունների համար ընդարձակ մանևրների սահմաններ է գծել։ Առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից», - ասաց Պյոտր Սվիտալսկին։
Նա նշեց՝ այս պահին սպասում են, որ ՀՀ կառավարությունը հանձնի ճանապարհային քարտեզ, որը վերաբերում Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
«Ես հավատում եմ, որ ներկայիս կառավարությունը իրազեկ և քաջատեղյակ է ու գնահատում է ԵՄ հետ համագործակցությունը։ ԵՄ-ն ևս շատ հետաքրքրված է, որ մեր համագործակցությունն ավելի օգտակար լինի։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքները և ես վստահ եմ, որ շատ շուտով դուք կտեսնեք այդ կոնտակտների արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր», - ասաց Պյոտր Սվիտալսկին։