05/03/2019 15:30
Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ 2012-ից հետո Հայաստանում չի եղել քվեարկության արդյունքների կեղծում
Հայաստանում ցանկացած տեսակի ընտրությունների կազմակերպման ընթացքում երբևէ դրանց արդյունքները նախապես հայտնի չի լինում, այսօր Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին։
«Ընտրությունների արդյունքները նյութականացվում են ընտրողների քվեների միջոցով՝ քվեարկությունից հետո», - հավելեց պաշտոնյան։
Սարգիս Խանդանյանը ԿԸՀ նախագահին հարցն ուղղելիս հայտարարեց, որ Հայաստանում 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ, նախորդ բոլոր ընտրություններն ուղեկցվել են կեղծիքներով ու Սահմանադրության լուրջ խախտումներով։
«Դուք 2011 թվականից զբաղեցրել եք ԿԸՀ նախագահի պաշտոնը և զբաղվել եք ընտրությունների կազմակերպման գործընթացով։ Ինձ հետաքրքրում է՝ տեխնիկապես ավելի բարդ է կազմակերպել ընտրություններ, որոնց արդյուքնները նախապես հայտնի են և ուղեկցվում են խախտումներով, թե ավելի բարդ էր կազմակերպել վերջին ընտրությունները, որի արդյունքները չվիճարկվեցին», - հարցը հնչեցրեց Խանդանյանը։
Մուկուչյանը նկատեց, որ ընտրական գործընթացի կազմակերպման հարցում բոլոր մարմինները՝ ընտրական, տարածքային, տեղամասային հանձնաժողովներն ու այլ պետական մարմիններ, աշխատում են միասին համակարգված։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ 2012-ից սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձել է հետամուտ լինել պահպանել Ընտրական օրենսգրքի պահանջները։
Այդուհանդերձ, պատգամավորը հստակեցրեց հարցը. «Դուք իսկապե՞ս պնդում եք, որ մինչև 2017 թվականը տեղի ունեցած բոլոր ընտրությունները արտահայտել են ՀՀ քաղաքացիների կամքը ընտրությունների միջոցով»։
«Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ երբ քվեատուփերից դուրս են գալիս քվեաթերթիկները ու իրականացվում է քվեարկության արդյունքների ամփոփում, ըստ էության, արձանագրության թվերը հենց այդ քվեաթերթիկներով տված քվեներն են, որոնք գտնվում էին քվեատուփերում։ Այդ գործընթացը եղել է փաթանցիկ, այդ ամբողջ պրոցեսին հետևել են թե վստահված անձինք, թե դիտորդներ, թե լրատվամիջոցներ։ Այսինքն՝ գոնե 2012 թվից այս կողմ այնպես չի եղել, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ ու արտացոլեն այլ պատկեր ու այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում։ Մինչ այդ, հնարավո՞ր է, որ ընտրողի կամքի վրա ներգործության դեպքեր տեղի ունեցած լինեն, իհարկե, հնարավոր են», - հավելեց Տիգրան Մուկուչյանը։