10/07/2019 12:16
Կստեղծվի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից օրենքներում փոփոխություն ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Այս նախաձեռնությամբ, հիշեցնենք, կառավարությունն առաջարկում է ՀՀ վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի մասով ստեղծել համապատասխան վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար:
Փաթեթով կարգավորվելու են գրասենյակի և ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները:
Այսօր ԱԺ նիստում օրինագծի քվեարկությունից առաջ Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմությունից «Բարգավաճ Հայաստանի» հետ եկել են կոնսենսուսի ու ընդունել նրանց որոշ առաջարկներ։
Մասնավորապես, պատգամավորները մտավախություն էին հայտնել այդ պաշտոնում 25 տարեկան անձին նշանակելու առնչությամբ։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ նրանց առաջարկն ընդունվել է և այդ պաշտոնում օրենքով թույլատրվելու է նշանակել 30 և ավելի տարեկան անձին և նրան ներկայացնել 5 տարվա մասնագիտական պահանջ։
ԱԺ մյուս ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր օրինագծին, քանի որ ինչպես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, «հոդաբաշխ բացատրություն» չի ներկայացվել, թե ինչու է կառավարությունը նման առաջարկությամբ հանդես գալիս։
«Ես այլ առաջարկություն ունեմ՝ եկեք ԴԱՀԿ-ն հանենք արդարադատության նախարարության կազմից, մտցնենք վարչապետի աշխատակազմ, քրեակատարողական ծառայությունը առաջարկում եմ հանել արդարադատության նախարարությունից, մտցնել վարչապետի աշխատակազմ։ Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություններ անել, գլխավոր դատախազությունը լուծարել, մտցնել պետական շահերի պաշտպանության վարչություն՝ վարչապետի աշխատակազմի մեջ։ Առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, ստեղծել բաժիններ վարչապետի աշխատակազմում, որ չգան խորհրդարան և լինի խորհրդարան ու վարչապետ։ Կամ էլ ցրենք խորհդարանը, լինի միայն վարչապետ», - իր ելույթում հեգնեց Էդմոն Մարուքյանը։
Նկատենք, որ մինչ այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանն ունեցել է ներկայացուցիչ, որը արդարադատության նախարարության ենթակայությամբ է եղել։