01/10/2019 10:45
Նախատեսվում է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը հավատարմագրային կառավարման տալ կամ վաճառել. Նարեկ Բաբայան
Մինչև նոր տարի նախատեսվում է «Գոլդեն Փելիս»հյուրանոցը հավատարմագրային կառավարման տալ կամ վաճառել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, թե ինչպե՞ս է պետությունը պատրաստվում օգտագործել հյուրանոցը:
««Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությունը պատրաստվում է օգտագործել ըստ նշանակությա՞ն, թե՞ այն դառնալու է պետական կառավարման ենթակայության տակ գտնվող այն շինություններից մեկը, որոնք կամաց-կամաց քանդվելու են: Արդեն ահազանգեր կան, որ երկու պատուհան կոտրվել է», - ասաց պատգամավորը:
Նարեկ Բաբայանն էլ նկատեց, որ հյուրանոցի հանձնման և ընդունման աշխատանքնեը դեռ ավարտված չեն:
«Ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորը աշխատացնի որպես հյուրանոց կամ սակարկությունների ձևով հանվելու է մրցույթի կամ աճուրդի: Մենք չենք պահելու հենց այնպես և շատ կարճ ժամկետում մտադրություն ունենք հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել», - ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ ժամկետներում է նախատեսում ավարտել գործընթացը, Բաբայանն ասաց.
«Հուսով եմ՝ մինչև նոր տարի»:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ Կառավարությունը որոշեց ՊԵԿ նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նվիրատվությունը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, այն կշահագործվի պետության կարիքների համար: