10/10/2019 14:29
Սիրիայում գտնվող ՀՀ ԶՈւ հումանիտար առաքելությունը միանշանակ չի մասնակցում ռազմական գործողություններին. Արմեն Գրիգորյան
ՀՀ Կառավարությունը դռնփակ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակն, այսօր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը.
«Մեր ուշադրության կենտրոնում են այն սիրիական քաղաքները կամ բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա։ Այս պահին հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու՝ ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել», - ասաց ԱԽ քարտուղարը։
Նա նշեց՝ հիմա տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, իսկ օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կլինեն։
Ինչ վերաբերում է Սիրիայում գտնվող ՀՀ Զինված ուժերի հումանիտար առաքելությանը, Արմեն Գրիգորյանի խոսքով, նրանք միանշանակ չեն մասնակցում ռազմական գործողություններին։
«Լուրջ որևէ անհանգստանալու խնդիր չունենք իրենց մասին։ Դա հումանիտար առաքելություն է և նրանք չեն կարող որևիցե ձևով մասնակցություն ունենալ որևէ ռազմական գործողության», - ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։