06/10/2008 16:43
Խոզի միսը թանկացել է, ոչխարինը` էժանացել
Սեպտեմբերին` օգոստոսի համեմատ, արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի, մսամթերքի և ձկնամթերքի գնաճով: Վիճակագրության ազգային ծառայությունից հայտնեցին, որ սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է բանջարեղենի` այդ թվում կարտոֆիլի 2.1% գնաճ, իսկ 2007թ. սեպտեմբերի համեմատ` 10.8% գնանկում:
Սեպտեմբերին,նույն համեմատությամբ, հանրապետությունում արձանագրվել է վարունգի (1.6%), կարտոֆիլի (4.3%), խառը կանաչեղենի (4.7%), կաղամբի (7.5%), կանաչ լոբու (10.1%) գնաճ: Դրան զուգընթաց, գազարի, ճակնդեղի, գլուխ սոխի, կանաչ պղպեղի, սխտորի, լոլիկի գները նվազել են 14.2-2.0%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2008թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են 0.5-9.1%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում): Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի գնաճը կազմել է 0.5%:
Մսամթերքի ապրանքախմբում 2008թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ,արձանագրվել է 1.8%, իսկ 2007թ. սեպտեմբերի համեմատ` 9.8% գնաճ: Տավարի և խոզի մսի գները սեպտեմբերին բարձրացել են համապատասխանաբար 0.3% և 9.6%-ով, իսկ ոչխարի մսի գինը նվազել է 4.7%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մսամթերքի գներն աճել են 0.5-2.4%-ով, ընդ որում` գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան և Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում մսամթերքը թանկացել է 1.9 %-ով: