29/10/2008 15:39
«Այս տարվա բյուջեն պետք է պրոֆիցիտային լինի»
Պետք է կտրուկ կրճատվի կամ ընդհանրապես վերացվի բյուջեի դեֆիցիտը, այն անգամ պետք է պրոֆիցիտային լինի: Այսպիսի կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, միջազգային ճգնաժամի ազդեցության պարագայում Հայաստանը չպետք է մտածի դեֆիցիտային բյուջե ունենալու մասին և պետք է 50 միլիարդ դրամի չափով ռեզերվային ֆոնդ ձևավորի` արտաքին տնտեսական հնարավոր վտանգներին դիմակայելու համար, մասնավորապես ռազմավարական մի շարք ապրանքներ (նավթ, ցորեն) գնելու նպատակով:
Ըստ բանախոսի` միջազգային շուկայում ընթացող զարգացումները ենթադրում են գնաճ նաև Հայաստանում և այդ պայմաններում բյուջեում լրացուցիչ ծախսերի նախատեսումը բերելու է ավելի բարձր գնաճի:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը` ՀՅԴ խմբակցության պատգմավոր Արծվիկ Մինասյանը, չհամաձայնեց ԿԲ նախկին ղեկավարի հետ: Ըստ նրա` պետք է ոչ թե նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ծախսերը կրճատելու միջոցով, այլ` ակտիվ և ճկուն ծախսային քաղաքականություն վարել:
«Ծախսային քաղաքականության մեջ զսպողականությունը տանում է աղքատության»,- նշեց պատգամավորը: