13/11/2008 13:16
Բարձր գնաճը հասարակությանը խոցող հիվանդություն է
Խորհդարանում ԲՀԿ-ական պատգամավոր Ավետ Ադոնցը` խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է 1,5 տոկոսի սխալանքը կամ միջանցքը համապատասխանում միջազգային պրակտիկային և արդյո՞ք 4 տոկոս գնաճի պայմաններում այդ միջանցքը մեծ չի ընտրված:
Հիշեցնենք, որ 2009 թվականի պետական բյուջեում կանխատեսում է արված, որ եկող տարի գնաճը կկազմի 4 տոկոս` 1,5 տոկոս սխալանքով:
ԿԲ նախագահը հարցին ի պատասխան նշեց, որ նման ցուցանիշ ունենալը լիովին համապատասխանում է միջազգային նորմերին: Նա համոզմունք հայտնեց, որ այս տարվա համար գնաճը կլինի 6 տոկոսից պակաս, եթե մինչև տարվա վերջ միջազգային շոկ չլինի, այնինչ` ասենք հարևան Ադրբեջանում փորձագետները կանխատեսում են 27 տոկոս գնաճ:
«Բարձր գնաճի պայմաններում տնտեսական զարգացման մասին խոսել հնարավոր չի լինում»,- կարծիք հայտնեց ԿԲ նախագահը ու ընդգծեց, որ բարձր գնաճը մի հիվանդություն է, որը խոցում է հասարակության բոլոր շերտերին, ուստի բոլորի խնդիրն է նպաստել ցածր գնաճի ապահովմանը: Նշենք սակայն, որ բարձր գնաճի պայմաններում Ադրբեջանը արձանագրում է նաև բարձր տեմպերով տնտեսական զարգացում:
Պատգամավոր Արծրունի Աղաջանյանը` անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտքին, հետաքրքրվեց, թե արդյո՞ք նպատակահարմար չէ բյուջետային ծախսերը մեծացնել դրսից միջոցներ ներգրավելու և արտաքին պարտքը մեծացնելու ճանապարհով, հաշվի առնելով, որ Հայաստանը նվազ կամ միջին արտաքին պարտքի ցուցանիշ ունի:
Այս առնչությամբ Արթուր Ջավադյանն ասաց, որ Հայաստանի ՀՆԱ-ում պետական պարտքը ցածր տոկոս է կազմում և այդ պայմաններում իրենք միջազգային կառույցների, մասնավորապես Համաշխարհային բանկի ու IFC միջազգային գործակալության պատվիրակության հետ քննարկելու են անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ներգրավելու հարցը: Նրա ներկայացմամբ, խոսքը 250 միլիոն դոլար գումարի մասին է, որը պետք է հատկացվի փոքր ու միջին բիզնեսին ուղղված ծրագրերի իրականացմանը: