05/12/2008 16:18
Եկող տարվա բյուջեն բավականին հավակնոտ է
«Եթե համեմատականներ անցկանցնենք այլ երկրների հետ, որտեղ վարկեր չեն տրվում, ավանդները չեն վերադարձվում, բանկեր են փակվում, ապա Հայաստանում այս տեսանկյունից համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ մեղմ ազդեցություն ունեցավ»: Այս մասին այսօր լրագրողներին «Տեսակետ» ակումբում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Բանախոսի հավաստմամբ` «նման դեպքեր տեղի չունեցան մեր երկրում, քանի որ կենտրոնական բանկը բավականին լուրջ վերահսկողություն էր իրականացում բանկերի վրա»:
Ըստ Մինասյանի` «կառավարության կողմից իրականացվող համահայկական ծրագրերը հնարավորություն կընձեռեն, որպեսզի համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ մեղմ ազդեցություն ունենա մեր տնտեսության վրա»:
«Մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը կստեղծվի Համահայկական բանկ: Այն չի լինելու 2009թ. պետբյուջեի միջոցներով, այլ կստեղծվի ներդրողների և կենտրոնական բանկի պահուստային ֆոնդի հաշվին», - տեղեկացրեց Գ. Մինասյանը :
ԱԺ ֆինանսական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց. «Համահայկական բանկը ավանդներ և վարկեր չի տրամադրելու քաղաքացիներին, լինելու է տնտեսական մի կառույց, որը ֆինանսավորելու է համահայկական նշանակություն ունեցող ծրագրեր»:
Անդրադառնալով աղետի գոտու վերականգնողական աշխատանքներին, Գագիկ Մինասյանը հավաստիացրեց, որ համաձայն կառավարության կողմից մշակված ծրագրի` մինչև 2011թ. տնակային պայմաններում ապրող բնակիչները կապահովվեն բնակարաններով, և «առաջիկա տարիներին այս հարցը իշխանությունների գերակա խնդիրն է լինելու»:
Ի դեպ` ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի դիտարկմամբ, 2009թ.-ի պետբյուջեն բավականին հավակնոտ է և ակնկալվում է 9, 2 % տնտեսական աճ: