09/12/2008 14:01
Միացյալ Նահանգներում կոռուպցիայի խնդրով զբաղվում են մինչ օրս
«Կոռուպցիոն հանցագործությունների քննության և դրանցով քրեական հետապնդման իրականացման արդյունավետ միջոցները» թեմայով այսօր կայացած կոնֆերանսի ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարեց, որ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր խնդիր է, չնայած` այն հատուկ չէ միայն Հայաստանին»:
Դեսպանը նաև նշեց. «Մենք Միացյալ Նահանգներում կոռուպցիայի խնդրով զբաղվում ենք մինչ օրս. խոսքս վերաբերում է նաև բարձրաստիճան պաշտոնյաների` այդ խնդրում ներգրավվածությանը»:
Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպել էր Երևանում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը: Կոնֆերանսին մասնակում էին ԱՄՆ-ից ժամանած դատախազներ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ. հայկական կողմից` դատախազներ, Հատուկ քննչական ծառայության ու ոստիկանության քննիչներ ու այլք:
ԱՄՆ դեսպանի խոսքով, Հայաստանում համապատասխան մարմինները պետք է ցույց տան, ապացուցեն հասարակությանը, որ կոռուպցիայով զբաղվողները պատժվում են` անկախ նրանից, թե հասարակական ինչ դիրք են զբաղեցնում:
«Երբ մենք օրենքների 2 չափանիշներ ենք ունենում, մեկը՝ սովորական մարդկանց, մյուսը էլիտայի համար, ապա այդ դեպքում մեր քաղաքացիները դառնում են ցինիկ ու կորցնում են վստահությունը արդարադատության նկատմամբ»,-ասաց Մ. Յովանովիչը: Նա նաև նշեց, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում կոռուպցիայի համար դատապարտվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, կոնգրեսի անդամներ երկու կուսակցություններից, լոբիստական աշխատանք ծավալող մարդիկ ու բիզնեսմեններ:
Ըստ Մ. Յովանովիչի, դա ցույց է տալիս, որ կոռուպցիան չի ճանաչում միջազգային, սոցիալական ու քաղաքական սահմաններ: Դեսպանը նշում է, որ հարկավոր է կոռուպցիոն երևույթների դեմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, քանի որ դրանց բացակայության դեպքում այն կարող է թափանցել ցանկացած ոլորտ: Իսկ եթե քաղաքացիները «չեն հավատում» դրա դեմ պայքարող համակարգին, ապա Մ. Յովանովիչը կարծում է, որ կոռուպցիան կդիտվի որպես սովորական երևույթ ու բիզնեսի մի մաս:
ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանն իր խոսքում վստահեցրեց, թե բոլոր ջանքերն ուղղված են հասարակության կողմից վստահությունը համակարգի հանդեպ բարձրացնելու ու այդ գործում հասարակության ակտիվ մասնակցությունն ապահովելուն:
«Դրա համար էլ, Հայաստանում քննչական խորհրդակցություններ ենք կազմակերպում. առաջինը կազմակերպվել է Վանաձորում, մյուսը` Եղեգնաձորում ու Երևանում: Այդ խորհրդակցությունների նպատակը կոռուպցիայի դեմ մղվող պայքարում հասարակության լայն հատվածի ներգավվումն է»,- պարզաբանեց Ա. Աշրաֆյանը: Ըստ նրա, հասարակությունը չի վստահում ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև՝ շատ պետական կառույցներին: