10/12/2008 15:43
Գյուղացին կունենա պարարտանյութի ընտրության հնարավորություն
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյան այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ այսուհետ պարարտանյութերի սուբսիդիան տրամադրվելու է հենց գյուղացուն: Նա նաև նշեց, որ գյուղացին ինքը կարող է ընտրել, թե որ երկրի արտադրած, կամ ինչ որակի պարարտանյութ գնի:
«Մենք այսպիսով ուզում ենք ազատ շուկայական հարաբերություններ ստեղծել, որպեսզի և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի, և՛ Չինաստանի, և՛ Վրաստանի պարարտանյութերը կարողանան մեր տնտեսվարողները ներմուծել ու, բնականաբար, կազմակերպել այս ոլորտի լիարժեք կայացումը»,-ասաց Ա. Գրիգորյանը:
Նախարարի հավաստմամբ, նախարարությունը գյուղացուն ապահովել է միայն ազոտական պարարտանյութով: Իսկ քանի որ հողը հարկավոր է պարարտացնել նաև այլ համակցված պարարտանյութերով, ապա այսպիսով գյուղնախարարությունը հնարավորություն է տալիս, որ շուկա ներմուծվի տարբեր երկրների տարբեր արտադրանք:
Համաշխարհային ճգնաժամին անդրադառնալով, նախարարն ասաց. «Բայց այս առիթով պիտի նշեմ, որ կառավարության կողմից արվելու է հնարավորինս, որ այն երկրի վրա մեղմ ազդեցություն ունենա: Ծրագրեր ենք մշակվում, որ կարողանանք աջակցել տեղական արտադրողին ու հետագայում մեծ խնդիրներ չունենանք»:
Որպես գյուղատնտեսական հաջողված ոլորտ, նախարարը նշեց գինեգործությունը: Ա.Գրիգորյանն ընդգծեց, թե Ռուսաստանն այս առումով համարվում է լավագույն շուկաներից մեկը, ուր արտահանվում է հայկական գինու «առյուծի բաժինը»: Մնացած «բաժինները»` Ուկրաինա, ապա` ԱՄՆ ու եվրոպական երկրներ: