10/12/2008 15:59
ՏՄՊՊՀ-ն ընդունեց մարժայի հաշվարկման նոր բանաձև
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօրվա նիստում քննարկվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված ավիավառելիքի լիցքավորման ծառայությունների գնի ուսումնասիրության մասին հարցը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը («ԱՄՕ») 2008թ. մարտին դիմել էր ՏՄՊՊՀ` խնդրելով վերանայել ավիավառելիքի ձեռքբերման և իրացման գների տարբերության (մարժայի) փոփոխության հարցը, քանի որ, ըստ «ԱՄՕ»-ի, տեղի էր ունեցել ծախսերի և ձեռքբերման գնի աճ և ԱՄՆ դոլարի գնողունակության անկում:
Վարույթի ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն` մեկ տոննա ավիավառելիքի ձեռքբերման և իրացման գների տարբերությունը օգոստոսին կազմել է 212 դոլար` 141-ի փոխարեն: Ըստ «ԱՄՕ»-ի հիմնավորումների, ավիավառելիքի ձեռքբերման գնի աճի պայմաններում նոր` ավելի բարձր գնով խմբաքանակ ձեռք բերելու և որոշակի պաշար ձևավորելու համար ընկերությանն անհրաժեշտ են եղել ավելի շատ ֆինանսական միջոցներ: Ուստի, «ԱՄՕ»-ն մարժան կիրառելիս հիմք է ընդունել ոչ թե միջինացված արժեքի սկզբունքը, այլ վերականգման արժեքի սկզբունքը, այսինքն` որպես ձեռքբերման գին ընդունել է ամենաբարձր գինը:
Հարկ է նշել նաև, որ մարժայի սահմանման մասին հանձնաժողովի որոշումից հետո «ԱՄՕ»-ի կողմից ավիակերոսինի ձեռքբերման գինը բարձրացել էր 28 տոկոսով:
Վարույթի արդյունքում ՏՄՊՊՀ-ի աշխատակազմը եզրակացրեց, որ մարժայի կիրառման հաշվարկն անհրաժեշտ է փոխարինել այլ` որոշակի բանաձևի հիման վրա հաշվարկով, ինչը հնարավորություն կտա մեղմացնել ավիավառելիքի ձեռքբերման գների տատանումների ազդեցությունը իրացման գնի վրա:
Կանոնավոր չվերթներ իրականացնող օդանավերի լիցքավորման նպատակով «ԱՄՕ»-ի կողմից ավիակերոսինի ձեռքբերման և իրացման գների տարբերության հաշվարկման համար սահմանվեց նոր բանաձև: Քննարկվելուց հետո այն ընդունվեց 4 կողմ և 3 դեմ ձայներով:
«Այստեղ սխալական ոչինչ չկա: Այն կասկածները, որ «ԱՄՕ» ընկերությունը կարող է բանաձևի կիրառության արդյունքում ստանալ գերշահույթ` ես բացառում եմ, որովհետև բոլոր դրույթներով կանոնները ամրագրված են»,- եզրափակիչ խոսքում ասաց ՏՄՊՊՀ-ի նախագահ Աշոտ Շահնազարյանը: