11/12/2008 12:49
Հայկական կողմը Բուլղարիայում իր մտահոգությունն է հայտնել
Այսօր Սոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական գործարար համագումարը: Ինչպես տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 9-10-ը տեղի ունեցած «Առևտրատնտեսական և գիտատեխնիական համագործակցության» հարցերով հայ -բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև իրավապայմանագրային, Եվրաինտեգրման, առևտրի, ներդրումների, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկատիրության, ֆինանսների, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության հարցեր:
Հանձնաժողովի նիստին քննարկվել է Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության նոր` ազատականացված համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Համաձայնագիրը քննարկելու նպատակով կողմերը պայմանավորվել են 2009-ի առաջին եռամսյակում կազմակերպել երկու երկրների տրանսպորտի նախարարությունների մասնագետների հանդիպում:
Հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ բուլղարական ընկերության կողմից շահագործվող` Նովորոսիյսկ-Բուրգաս-Փոթի ավտոմոբիլա-լաստանավային երթուղին լիովին չի բավարարում բեռնափոխադրումների պահանջարկը: Այդ իսկ պատճառով, հայկական կողմն առաջարկել է ուսումնասիրել նշված երթուղում լրացուցիչ լաստանավի շահագործման հնարավորությունները:
Կարևորվել է նաև Երևան-Սոֆիա-Երևան ուղիղ ավիաչվերթի կազմակերպումը: Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել այդ երթուղին հայկական ընկերության միջոցով սպասարկելու դեպքում ստեղծել բոլոր հնարավորությունները:
Եվրաինտեգրման բնագավառում բուլղարական փորձի ուսումնասիրման նպատակով բուլղարական կողմը պատրաստակամություն է հայտնել` Բուլղարիայում հայ մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը իրենց իսկ միջոցներով կազմակերպելու հարցում: