13/12/2008 13:04
Երկքաղաքացիություն է ստացել 1107 անձ
2008 թ. հունվարի 1-ից մինչ այժմ երկքաղաքացիություն է ստացել 1107 անձ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ երկքաղաքացիություն ստանալու համար ամենաշատը դիմել են Վրաստանից` 804 անձ:
Ռուսաստանից երկքաղաքացիության համար դիմել է 156 մարդ, իսկ Ուզբեկստանից` 29: Թուրքմենստանից, Իրաքից, Իրանից և Սիրիայից երկքաղաքացիություն ստանալու համար դիմել են 20-ական քաղաքացիներ:
Գերմանիայից, Կանադայից, Բրազիլիայից, Լիտվայից դիմել է 1-ական քաղաքացի, իսկ Թուրքիայից դիմածների քանակը 2 է: Երկքաղաքացիության համար դիմել են նաև ԱՄՆ-ից. նրանց թիվը 12-ն է:
Քաղաքացիների դիմումները կարող են մերժվել ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կողմից, համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի հետևյալ պարբերության` «ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին:
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել»: Ըստ նույն աղբյուրի` ՀՀ քաղաքացիություն է ստացել քաղաքացիություն չունեցող 29 անձ: