16/12/2008 17:03
Տիգրան Ջրբաշյան. «Տատանումների փուլն արդեն անցել է»
Ավանդների ներգրավումը խրախուսելու նոր առաջարկով այսօր «Նովստի» մամուլի կենտրոնում ներկայացան «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
«Ֆիզիկական անձանց կողմից «Ամերիաբանկում» ներդրված բոլոր ավանդները` անկախ դրանց չափից, կապահովագրվեն»,- ասաց «Ամերիաբանկի» տնօրեն Արտակ Հանեսյանը:
«Մենք պայմանագիր ենք կնքել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության հետ և «Ամերիաբանկը» դարձել է ամենաբարձր կապիտալիզացիա ունեցող բանկ, որի կանոնադրական կապիտալը, համալրվելով 2 մլրդ դրամով,այժմ կազմել է 18,2 մլրդ դրամ և Հայաստանի ավանդատուների համար ռիսկը նվազագույնի է հասցվել: Ներկայումս բանկում պահվում են 8 մլն դոլարին համարժեք ավանդներ»:
Բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ավելացրեց, որ ««Ռոսգոսստրախը» ԱՊՀ ամենախոշոր ապահովագրական ընկերությունն է:
«Ամերիաբանկի» գլխավոր տնօրենը նշեց, որ «բանկում ոչ միայն արտահոսք չկա, այլ ներհոսքն է ավելացել: Տարեսկզբի 3,7 մլրդ դրամի դիմաց` ֆիզիկական անձանց ավանդների ցուցանիշը տարեվերջին կազմել է 10,2 մլրդ դրամ: Բանկում ներդրած ավանդների տոկոսները կազմում են 6-10 տոկոս` կախված ավանդի չափից, ժամկետից, արժույթի տեսակից»:
Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է փոխարժեքի տատանումներ լինեն մյուս տարում, որի արդյունքում հնարավոր է հայկական դրամի կտրուկ արժեզրկում, Տիգրան Ջրբաշյանը պատասխանեց, որ «տատանումների փուլն արդեն անցել է, և դա բնորոշ է վատ կարգավորող շուկաներին»:
«ԿԲ դրամավարկային քաղաքականությունը նման հնարավորություն թույլ չի տալիս: Կարող է լինեն փոխարժեքի փոփոխություններ, բայց ոչ կտրուկ տատանումներ»: Ջրբաշյանի կարծիքով, հայկական դրամի արժևորումը նույնպես կտրուկ չի կարելի համարել, «քանի որ այն տեղի ունեցավ մոտ 5 տարվա ընթացքում»: