17/12/2008 17:00
Ճգնաժամը կավերի՞ Հայաստանի տնտեսությունը, թե՞ կանցնի կողքով
«Ո'չ ՀՀ 2009թ-ի բյուջեում, ո'չ որևէ այլ փաստաթղթում համաշխարհային ճգնաժամին դիմագրավելու ոչ մի քայլ չկա: Որևիցե քայլ չի արվում` հարկային քաղաքականության հետ կապված, որևիցե ձևով չի պաշտպանվում փոքր և միջին բիզնեսը»,- հայտարարեց «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի և Հայաստանին սպառնացող ազդեցությունների մասին վերլուծություններ անելով` Վ. Խաչատրյանը հայտնեց այն տեսակետը, որ 2009թ-ին սպասվող տնտեսական զարգացումները հոռետեսական են: Նրա համոզմամբ` իշխանությունների կարծում են, որ «համաշխարհային ճգնաժամը Հայաստան չի հասնի, Հայաստանի գլխի վրայով կանցնի ցունամիի նման և մենք կպրծնենք փլատակների տակ մնալու վտնագից»: Ըստ ՀԱԿ ներկայացուցչի` իշխանությունների այս դիրքորոշումը բացատրվում է հետևյալ դատողությամբ. «Հայաստանի ֆինանսական համակարգն ինտեգրված չէ համաշխարհային ֆինանսական համակարգին, տնտեսությունը շատ փոքր է և պահուստային ֆոնդը բավարար է ճգնաժամը հաղթահարելու համար»:
«Կյանքը ցույց տվեց, որ համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխություններն իրենց ազդեցությունն ունեցան»,- ընդգծեց Վ. Խաչատրյանն ու, որպես օրինակ, նշեց «լեռնամետալուրգիական համակարգի և քիմիական համակարգի ձեռնարկությունների, ցեմենտի գործարանների փակված կամ կիսափակ լինելը»:
Ճգնաժամի դեմ պայքարելու համար ՀԱԿ ներկայացուցչին առաջարկում է հետևել Ռուսաստանի օրինակին և «իջեցնել ավելացված արժեքի հարկի շեմը, իրականացնել մեծ միջոցառումներ փոքր և միջին բիզնեսի զարգացումն ապահովելու համար»:
«Հայաստանի տնտեսության մեջ առավել կարևոր հանգամանք է հանդիսանում տնտեսության մեջ աշխուժություն և աշխատանքային պայմաններ ապահովելը, որը նշանկում է` մոնոպոլիաների վերացում, մրցակցությունների ապահովում, փոքր և միջին բիզնեսի զարգացում և հարկային բեռի թեթևացում»,- գտնում է Վ. Խաչատրյանը:
Վ. Խաչատրյանի կարծիքով, վերջին 5-6 տարիներին ՀՀ վարած տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանի շուկայում «գոյություն չունի ներքին արտադրող, որովհետև մեր տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը եղել է ներմուծողներին աջակցելը»:
Այս առիթով Վ. Խաչատրյանն իշխանություններին առաջարկում է «հետաձգել վարչարարության հետ կապված խնդիրները և ամեն ինչ անել` ներքին արտադրողի աշխատանքային պայմանները բարելավելու համար»: