18/12/2008 15:24
Արման Մուրադյանը` Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետև կղեկավարի «Բամո» շինարարական խոշոր ընկերության բաժնետեր Արման Մուրադյանը:
Հիշեցնենք, որ 1997-ից Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան գլխավորում էր ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Այս անգամ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում նա իր թեկնածությունը չի առաջադրել:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իրենց թեկնածություններն էին առաջադրել միայն Արման Մուրադյանը և աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սարգսյանը տեղեկացրեց, որ նոր նախագահի հետ պայմանավորվածություն կա, որ 1 մլն ԱՄՆ դոլար պետք է փոխանցվի Օլիմպիական կոմիտեին, այստեղից էլ` Բռնցքամարտի ֆեդերացիայի:
«Կարծում ենք, որ նման ֆինանսավորման դեպքում մեր արդյունքները կբարձրանան»,- ասաց Ալեքսանդր Սարգսյանը` նշելով, որ նախկինում այդքան գումար ֆեդերացիան չի ստացել:
Ա. Սարգսյանը` խոսելով Ֆեդերացիայի ունեցած հաջողություններից, մատնանշեց այս տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, որոնցից են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի այս տարի Եվրոպայից 10 մեդալ վաստակելը: Եվս մեկ հաջողություն էր` Աշխարհի գավաթի խաղարկությունում Անդրանիկ Հակոբյանի Աշխարհի գավաթի հաղթող դառնալը: