19/12/2008 14:45
Արթուր Աբրահամը «Տարվա բռնցքամարտիկ» է ճանաչվել
«Սա շատ մեծ պատիվ է ինձ համար: Ես շատ ուրախ եմ մասնագետների և բռնցքամարտի երկրպագուների նման որոշման համար։ Մենք շատ համառորեն աշխատում էինք, որպեսզի հասնեինք հաջողության: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչին և ողջ թիմին` աջակցության համար։ Առանց նրանց օգնության ես չէի հասնի ոչնչի»:
Սա միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն հայազգի Արթուր Աբրահամի խոսքերն են, որը Գերմանիայում երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»:
Գերմանական «BoxSport» ամսագրի ընթերցողները, ինչպես նաև հատուկ ժյուրին, կրկին 28-ամյա բռնցքամարտիկին շնորհել են առաջին տեղը՝ թույլ տալով նրան առաջ անցնել Գերմանիայում բավականին ճանաչված գերծանր քաշային կարգ ունեցող Վիտալի և Վլադիմիր Կլիչկոներին: Այս մասին հաղորդում է Allboxing.ru կայքը:
Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգներն էլ Գերմանիայում ճանաչվել է «Տարվա մարզիչ», ընդ որում` այդ կոչումը 66-ամյա մասնագետը ստանում է վեցերորդ անգամ անընդմեջ:
Հիշեցնենք, որ այս տարի, ինչպես նաև նախորդում, Ա. Աբրահամաը երեք անգամ է մենամարտել. մարտին Աբրահամը պաշտպանեց իր տիտղոսը՝ 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Էլվին Այալային, հունիսին Աբրահամը հաջողությամբ առաջին անգամ հանդես եկավ ԱՄՆ-ում՝ վերջակետ դնելով Էդիսոն Միրանդայի հետ հակամարտությանը, իսկ նոյեմբերին նա ևս մեկ անգամ պաշտպանեց իր տիտղոսը Ռաուլ Մարկեսի հետ մենամարտում։