19/12/2008 14:29
«Սիտրոնիկս»-ի ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ վարչապետը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանին, փոխնախագահ Սերգեյ Ուրեզչենկոյին և Հայաստանում ընկերության լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Սիտրոնիկս» ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանը ներկայացրել է իր ղեկավարած խոշորագույն բարձրտեխնոլոգիական ընկերության գործունեությունը, ՌԴ դաշնային նպատակային ծրագրերում ունեցած մասնակցությունը, միջազգային կապերը և ներկայացվածությունը ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու մի շարք այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության առաջիկա նախաձեռնություններն ու ծրագրերը:
«Սիտրոնիկս»-ի նախագահը, մասնավորապես, խոսել է «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ-ին փոխանցված «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում գիտահետազոտական տիպի ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորության մասին, ինչը Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի հանձնարարականներից է:
Սերգեյ Ասլանյանն անդրադարձել է նաև «Սիտրոնիկս» ընկերության մասնակցությամբ ՀՀ-ում վենչուրային ներդրումների հիմնադրամի ստեղծմանը, նշելով, որ ընկերությունը պատրաստ է կարճ ժամկետում ներկայացնել այդ հարցում փոխգործակցության իր ծրագիրը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը կարևորել է «Սիտրոնիկս» ընկերության հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ և արդյունավետ կլինի: