19/12/2008 12:22
Սկսվեց «7-ի գործով» դատավարությունը
Երևանի քրեական դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսեց մարտի 1-ի իրադարձությունների առիթով 7 անձի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը:
Հիշեցնենք, որ «7-ի գործով» մեղադրյալի կարգավիճակում են`նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը: Նրանց հանդեպ մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 225 հոդվածով (սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպում) և 300 հոդվածով (պետական իշխանությունը բռնությամբ զավթելը):
Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:
Վերջիններս հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում և որ իրենք քաղբանտարկյալներ են ու անազատության մեջ են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար:
Նշենք, որ դատարանում «7-ի գործով» մեղադրական կողմը ներկայացնում են դատախազներ Աշոտ Նադոյանը, Հարություն Հարությունյանը, Արամ Ամիրզադյանը, Լիլիթ Թադևոսյանը, Հովսեփ Սարգսյանը և Կորյուն Փիլոյանը: