24/12/2008 16:54
«ԱրմենՏելի» դեմ հարուցած վարույթները դադարեցվել են
ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դադարեցրել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի դեմ բողոքների հիման վրա հարուցված երեք վարչական վարույթները: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց և պարզաբանումներ արեց «ԱրմենՏելի» Իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը:
Բողոքները ներկայացվել էին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի կողմից, որը, «ԱրմենՏելի» աշխատակցի տեղեկացմամբ, հետամուտ չի եղել վարույթների ընթացքին: Այս հանգամանքը «ԱրմենՏելին» ստիպել է մտածել, որ նրանց դեմ «կազմակերպությունը բողոք է ներկայացրել ոչ թե սպառողի շահերից ելնելով, այլ սեփական գովազդն անելու մտադրությամբ»:
Կազմակերպության ներկայացրած առաջին դիմում-բողոքը վերաբերում էր Hi Line ծառայությունից օգտվելու հետ կապված խնդիրներին: ՏՄՊՊՀ-ն վարույթը դադարեցրել է, քանի որ վերոնշյալ խնդիրներն առաջացել էին այլ պրովայդերների կողմից տրաֆիկի փոխանակման սահմանափակման արդյունքում:
Երկրորդ բողոքն առնչվել է օպերատորի սխալին, երբ GPRS ծառայության բաժանորդը ոչ ճիշտ տեղեկություն է ստացել: Այդ սխալը «ԱրմենՏելի» կողմից ժամանակին շտկվել է, և բաժանորդը ֆինանսական վնաս չի կրել:
«ԱրմենՏելի» դեմ ներկայացված երրորդ բողոքի վարույթը եղել է վերծանման տրամադրման համար գանձվող գումարի վերաբերյալ: Դ. Սանդուխչյանը նշեց, որ վերծանման տրամադրման համար գումարի գանձումը սահմանվում է հենց ՏՄՊՊՀ-ի կողմից, այսպիսով անիմաստ էր «ԱրմենՏելին» դրանում մեղադրելը:
Դ. Սանդուխչյանը սպառողների իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպություններին կոչ արեց ոչ թե քննադատել, այլ համագործակցության գալ` այդպիսով ընկերությանը օգնելով նկատել թերությունները, ուղղել սխալները և աշխատանքներն իրականացնել` ի օգուտ սպառողի: