25/12/2008 16:12
ՀՀ-ից Եվրոպական դատարան ներկայացվել է մոտ 1000 դիմում
Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումներից 600-ը Ադրբեջանի քաղաքացիների կողմից է: Այս մասին լրագրողներին հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը: Նա տեղեկացրեց նաև, որ գրեթե նույնչափ դիմումներ ներկայացվել են Ադրբեջանի դեմ` նրա իրավասության տակ մնացած հայկական գյուղերի, Արծվաշենի և Բաքվի բնակիչների կողմից:
Ա. Գյուլումյանը բացատրեց, որ Եվրոպական դատարանի իրավասություները տարածվում են ԵԽ անդամ 47 երկրների և նրանց 800 մլն բնակիչների վրա: Այսպիսով, դատարանը այս բոլոր երկրներից ստանում է դիմումներ (դիմումների թիվը ներկայումս կազմում է մոտ 100 հազար), և դիմումը ստանալուց հետո նվազագույնը 3-4 տարի է անհրաժեշտ, որպեսզի այն հասնի դատարանի քննությանը:
Բացի այդ, տվյալ երկրին վերաբերող դիմումները սկսվում են քննվել, երբ այդ երկրից դատավոր է ներկայացվում: Ըստ Ա. Գյուլումյանի` սրանք են այն հիմնական պատճառները, որ Հայաստանին վերաբերող դիմումները սկսվել են քննվել վերջին 2 տարիների ընթացքում միայն:
Ա. Գյուլումյանը ընդգծեց, որ ՀՀ-ից ներկայացվող դիմումների թիվը վերջին երկու տարիներին նվազել է: Այս հանգամանքը դատավորը բացատրեց առաջին հերթին մեր անհամբեր լինելու հանգամանքով, քանի որ շատերը չեն ցանկանում սպասել մի քանի տարի, մինչև գործը քննվի: Բացի այդ մի շարք դիմումներ մերժվել են, քանի որ դրանք չեն անցել Հայաստանի դատական բոլոր ատյաններով:
Ա. Գյուլումյանը չկարողացավ ասել, թե 2008 թ-ին Հայաստանի դեմ ներկայացված դիմումներն ինչ բովանդակություն կամ ինչ պահանջ ունեն: Նա ասաց, որ այդ մասին հնարավոր կլինի տեղեկանալ, երբ դիմումները հասնեն Կոմիտե կամ Պալատ:
Ա. Գյուլումյանն, ի գիտույթուն մեր քաղաքացիների, հստակեցրեց, որ դատարանը փաստում է մարդու իրավունքի խախտումը և կայացնում վճիռ, իսկ վճռի իրականացումը կատարվում է ԵԽ-ի նախարարների կոմիտեի կողմից: