26/12/2008 12:23
Փոխհատուցում է ստացել 7800 մարդ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղեկացմամբ, 2008 թ.-ի ընթացքում ավանդների փոխհատուցում է ստացել 7800 մարդ:
Արմեն Մարգարյանի խոսքերով, այս տարի ավանդների փոխհատուցման համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 300 մլն դրամ: Նա տեղեկացրեց նաև, որ 2009 թվականին` ավանդների փոխհատուցման համար հատկացվել է 1 մլրդ 600 մլն դրամ:
Ա. Մարգարյանը նշեց, որ 2006 թվականից մինչ այսօր փոխհատուցում է ստացել 18 հազար 253 մարդ: Արդեն ավարտվել է աղետի գոտու և սահմանամերձ բնակավայրերի 70-ն անց, միայնակ և անժառանգ կենսաթոշակառուների ավանդների փոխհատուցումը:
«Մյուս տարվանից ավանդների փոխհատուցում է տրվելու մինչև 70 տարեկան, աղետի գոտու և սահմանամերձ բնակավայրերի միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներին»,- հավելեց նա: