26/12/2008 18:00
«Հայկական ջազ 70» նախագծի անդամներն ամփոփեցին տարին
Հայկական ջազը 70 տարեկան է: 1938-ին Հայաստանում պետական ջազ նվագախմբի հիմնադրման օրվանից սկսվեց այս երաժշտական ժանրի տարեգրությունը:
Այսօր ջազային տարին ամփոփեցին «Հայկական ջազ 70» նախագծի կազմկոմիտեի անդամները` նշելով, որ նախագիծը այսքանով չի ավարտվում և շարունակական է լինելու:
Կազմկոմիտեի նախագահ ՀՀ վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանն ասաց, որ նախագիծը իրականացրել են ամբողջությամբ, համերգներն անցել են լեփ լեցուն դահլիճներում և, ամենակարևորը, հանդիսատեսի հիմնական մասը եղել են երիտասարդներ:
«2008 թ.-ն իր հետքը թողեց հայկական պատմության մեջ: Հոբելյանի առիթով կհրատարակվեն գրքեր: Առաջինը գիրքը կպատմի «Հայկական ջազ 70» նախագծում տեղի ունեցած իրադարձությունների մասին, իսկ երկրորդը հայկական ջազի պատմության մասին»,- հայտնեց Հեռուստեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Ջաղինյանը:
Ամբողջ համերգաշրջանի ընթացքում մշակույթի նախարարությունը եղել «Հայկական ջազ 70» նախագծի կողքին, իսկ նախարարը գնահատել է նրանց աշխատանքը ոսկե մեդալներով:
Պարգևների են արժանացել Լևոն Մալխասյանը, Ռուբեն Ջաղինյանը և Ստեփան Շաքարյանը:
Լրագրողներին հետաքրքրում էր թե համաշխարհային աստղերից ու՞մ են ավելի շատ հոնորար վճարել: Այս հարցին Լևոն Մալխասյանը պատասխանեց, որ ամենաշատը վճարել են Ալ Ջերոյին:
«Կոնստանտին Օրբելյանի 80 ամյա հոբելյանական համերգն անցկացվել է առանց հոնորարի, սակայն պահանջվեցին ավելի մեծ ֆինանսական ներդրումներ»,- ասաց Ռուբեն Ջաղինյանը, հավելելով որ «ամենատաք, ջերմ և մեր քաղաքին շատ անհրաժեշտ համերգներից մեկը եղել է` հենց այդ համերգը»:
Պատասխանելով «աստղային քմահաչույքների» մասին հարցին, կազմկոմիտեի անդամները պատասխանեցին, որ «Ալ Ջերոն շատ անմիջական անձնավորություն էր և հաճախ կրկնում էր, որ իր կոշիկ կարողը հայ է եղել: Իսկ Տաթևիկ Հովհաննիսյանը շատ անմիջական էր ու պարզ: Թերևս միայն Լարիսա Դոլինան որոշակի քմահաճույքներ ուներ»: