12/01/2009 14:53
ԱՊՀ երկրներում հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է
ԱՊՀ երկրներում 2008 թվականին գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նախորդ տարվա հետ համեմատած երկրներից յուրաքանչյուրում միջինը 11 տոկոս նվազում է գրանցել: Այս մասին հայտնում են ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեից:
Միևնույն ժամանակ, 2008 թվականի արդյունքներով հանցավորությունն Ադրբեջանում աճել է 14%-ով, Հայաստանում՝ 5%, Ղրղզստանում ու Մոլդովայում՝ 2%, Ղազախստանում՝ 1%:
2008 թվականի նախնական տվյալներով՝ հանցավորության մակարդակի նվազումը Բելառուսում կազմել է մոտ 13%, Ռուսաստանում՝ 11%, Տաջիկստանում ու Ուկրաինայում՝ 4%:
Գրանցված հանցագործությունների կեսից ավելին սեփականության նկատմամբ հանցավոր ոտնձգություններն են: ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 23%-ից (Ադրբեջան) մինչև 62% (Բելառուս): Թմրանյութերի հետ կապված հանցանքներին բաժին է ընկնում ընդհանուր գրանցված հանցանքների 8%-ը, անձի դեմ ուղղված ծանր ու հատկապես ծանր հանցագործություններին՝ 2%-ը, խուլիգանությունները՝ 1%:
Թմրանյութերի հետ կապված գրանցված հանցագործությունների թիվն ԱՊՀ տարածքում կազմել է 250 հազար: Այդօրինակ հանցագործությունների թվի աճ գրանցվել է Ադրբեջանում՝ 16%, ու Ուկրաինայում՝ 2%: Հայաստանում նման հանցանքների թիվը նվազել է 22%, Բելառուսում ու Ղազախստանում՝ 5%, Տաջիկստանում՝ 3%: Ռուսաստանում ու Ղրղզստանում այս ցուցանիշը գրեթե նույնն է: