15/01/2009 14:01
Գողացված համարվող նկարներից մեկը գտնվել է
Նկարիչների միության փոխնախագահ Կարապետ Փաշայանը տեղեկացրեց, որ գողացված համարվող մեկ նկարը ընկած է եղել մի անկյուն և գտնվել է միայն այսօր: Գտնվածը` նկարիչ Գագիկ Վարդանյանի նկարն է:
«Առաջին օրերին նայել են, այն իր տեղում չի եղել, հետո ման են եկել ու գտել են»,- պարզաբանեց միության փոխնախագահը: Նրա գնահատմամբ, գողացված նկարների ընդհանուր արժեքը կազմում է 492 հազար դրամ:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Նկարիչների միության նկարադարանի վարիչ Անահիտ Նազարյանը առավոտյան աշխատանքի գալիս դուռը բացել էր և տեսել է, որ նկարներն ամբողջությամբ խառնված են:
Դրանից հետո միությունից զանգել են և տեղեկացրել ոստիկանությանը միությունում կատարված կողոպուտի մասին:
«Ոստիկանությունից եկան, զննեցին, կողպեքն էլ տարան իրենց հետ»,- հավելեց միության փոխնախագահը` նշելով, որ այսպիսով Հայաստանում առաջին անգամ Նկարիչների միությունից նկարներ են գողանում:
Վերջինիս կարծիքով, գողերը նկարադարանի բազմաթիվ նկարների միջից իրենց հետ տարել են նկարիչներ Գրիգոր Աղասյանի, Ռեգինա Ղազարյանի, Սերինե Բեժանյանի, Սուրեն Աբրահամյանի, Դավիթ Պետրսոյանի և Մկրտիչ Սեդրակյանի գործերը: