15/01/2009 13:42
Կառավարությանը պահանջվում են պրոեկտ-մենեջերներ
Նախորդ տարվա վերջին Տ. Սարգսյանը հանձնարարել էր գերատեսչություններին համագործակցել գիտական ինստիտուտների հետ և ներկայացնել բիզնես ծրագրեր` Հայաստանի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու համար:
Կառավարության այսօրվա նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկման անցնելը վարչապետը նշեց, որ արդեն ստացել են բիզնես ծրագրի 70 հայտ, որոնք պետք է բարձրացնեն տնտեսության դիմադրողականությունը:
ՀՀ Վարչապետը նշեց, որ 70 հայտերի մեծ մասն ուղարկել են վերամշակման, քանի որ դրանցում ներկայացված տեղեկատվությունը և վերլուծությունը չի բավարարել իրենց պահանջները: Հայտերի մի մասը մերժվել է, իսկ մի մասն էլ անցել է քննարկումների երկրորդ փուլ:
«Այստեղ պետությունը պետք է ցուցաբերի իր աջակցությունը, որի արդյունքում ծրագրերը կյանքի կկոչվեն շատ շուտ», - ասաց կառավարության ղեկավարը:
Տ. Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ արձանագրվել է մի փաստ. «Զգում ենք պրոեկտ-մենեջերների պակաս, այսինքն գաղափարներն իրականացնող մասնագետներ չունենք, որոնք կարող են գաղափարներից բիզնես-պրոեկտներ դուրս բերել»:
Վարչապետն առաջարկեց նախարարություններում մասնագիտական դասընթացներ անցկացնել` մշակել նախագծեր:
«Այս տարի առնվազն 22 պրոեկտ-մենեջերներ պետք է պատրաստենք նախարարությունների համար, իսկ թեկնածուներ պետք է ներկայացնեն հենց նախարարությունները», - ասաց Տ. Սարգսյանը: