16/01/2009 15:17
Խորհրդի նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009 թվականի միջոցառումների ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով նախատեսված տարեկան միջոցառումները, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ նախորդ նիստի հանձնարարականների արդյունքում միջոցառումների նկարագիրը վերանայվել է, և ծրագրում ներառվել են որոշակի միջոցառումներ, որոնց համար հստակ նշված են ակնկալվող արդյունքը, միջոցառման նպատակը և իրականացման պատասխանատուն:
Առաջարկվող փաստաթղթում ընդգրկված են նաև ներդրումային հետաքրքիր առաջարկներ, որոնք այնուհետ պետք է մշակվեն և ծրագրային տեսքի բերվեն:
Միջոցառումները, ըստ նրա, կիրականացվեն ներդրումների և արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման և դրա զարգացմանն աջակցության նպատակներով:
Արտահանման խթանումը, ծրագրի համաձայն, նախատեսվում է իրականացնել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների զարգացմանն ու շուկայավորման ծրագրերի մշակմանը և իրականացմանն աջակցելու, նոր արտահանման ծրագրերի ձեւավորման եւ իրականացման, ձեռնարկությունների արտահանման ներուժի գնահատման նպատակով տեղական շուկայի և ձեռնարկությունների, ինչպես նաեւ արտաքին շուկաների պահանջների ուսումնասիրության միջոցով:
ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի, ՏՏ ոլորտի բարելավման նպատակով ԶՀԳ գործադիր տնօրենի ներկայացմամբ, շարունակական աշխատանքներ կիրականացվեն գործարար և ՏՏ ոլորտի համայնքների, այդ թվում` աշխատանքային խմբերի հետ` առկա խնդիրների բացահայտման, դրանց վերացման հնարավորությունների գնահատման և համապատասխան առաջարկությունների մշակման, Գործարարության աջակցման և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդներում այդ ամենի քննարկման ու միջոցառումների հաստատման ուղղությամբ:
Նիստում քննարկվել և հաստատվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009 թվականի ծախսերի նախահաշիվը ևս: