17/01/2009 14:34
Առևանգված երեխան գտնվել է
2001 թվականին ծնված Ռազմիկ Հ.-ին պարտքի դիմաց առևանգել են: Այդ մասին հունվարի 15-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղեկություն է տվել երեխայի մայրը` 1972 թ. ծնված Հասմիկ Հ.-ն:
Երեխայի մայրը նաև հաղորդել է, որ հունվարի 11-ին, ժամը 19.00-ին, իր բնակարանում ոմն Աննա 170.000 ԱՄՆ դոլար պարտք ու պահանջի շուրջ վիճաբանել է իր հետ և բռնի ուժով առևանգել որդուն` 2001 թ. ծնված Ռազմիկ Հ.-ին ու սպառնացել, որ մինչև հունվարի 15-ի ժամը 15.00-ն գումարը չվերադարձնելու դեպքում կվնասի երեխային:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռազմիկ Հ.-ին առևանգել է 1968 թ. ծնված Ծաղիկ Պ.-ն:
Հետագա միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ին, Բուդաղյան փողոցի թիվ 12 տնից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել Ծաղիկ Պ.-ն, 1989 թ. ծնված Տաթև Պ.-ն, 1968 թ. ծնված Ոսկան Պ.-ն, 1976 թ. ծնված Արտակ Մ.-ն, 1957 թ. ծնված Բեգլար Մ.-ն և 1984 թ. ծնված Մովսես Շ.-ն:
Նշված հասցեում է գտնվել նաև Ռազմիկ Հ.-ն, որը հանձնվել է ծնողներին: Կատարվում է նախաքննություն: