19/01/2009 13:53
Աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվել է տուգանք
2008թ. Հայաստանի ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 լիցենզիա: Այս մասին տեղեկացրեցին նախարարության լրատվական ծառայությունից:
Տեղեկացնենք, որ Հայաստանի տարածքում 2009թ. հունվարի 1-ի դրությամբ լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություն և 5 անհատ աուդիտոր, ուժի մեջ են 143 հաշվապահի և 70 աուդիտորի որակավորման վկայականներ:
Աուդիտորական ծառայությունների իրականացման 7 լիցենզիայի գործողություն դադարեցվել է, 17 լիցենզիայի գործողություն կասեցվել է: Միևնույն ժամանակ կասեցումից հանվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6 լիցենզիայի գործողություն:
Աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվել է ընդհանուր չափով 1 մլն. դրամի տուգանք:
Հաշվետու ժամանակահատվածում` օրենքով սահմանված կարգի համաձայն, գանձվել է 6.650.000 դրամ պետական տուրք, որից 6.500.000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 150.000 դրամը` անհատ աուդիտորներից:
Անցած տարվա ընթացքում ֆինանսների նախարարությունում անցկացվել է աուդիտորների որակավորման 15 և հաշվապահների որակավորման 5 քննություն, որոնց արդյունքում որակավորման վկայականներ են շնորհվել 24 հաշվապահի և 41 աուդիտորի: