20/01/2009 13:46
Մահացել է 14-ամյա հայազգի բռնցքամարտիկը
Հունվարի 17-ի գիշերը Նովոսիբիրսկի թիվ 1 հիվանդանոցում մահացել է տասնչորսամյա հայազգի բռնցքամարտիկ Ալեքսանդր Շառոյանը: Հունվարի 5-ին Բռնցքամարտի շրջանային առաջնությունում պատանի բռնցքամարտիկը երկու մենամարտ է անցկացրել և հաղթող ճանաչվել: Այն բանից հետո, երբ նրան հաղթող են հայտարարել, Ալեքսանդրը իրեն վատ է զգացել և դուրս եկել զուգարան: Որոշ ժամանակ անց նրան գտել են անգիտակից վիճակում, հատակին ընկած: Այդ մասին տեղեկացնում է «Նյուզռու»-ն` վկայակոչելով «Կոմսոմոլսկայա Պռավդա» թերթին:
«Մենամարտն անցել է նորմալ: Ուժեղ հարվածներ, որից հետո հնարավոր էր գիտակցությունը կորցնել, չեն եղել: Ավելին` Ալեքսանդրը իրեն շատ լավ է զգացել ինչպես մենամարտից առաջ, այնպես էլ` հետո»,- պատմել է մարզիչներից մեկը:
Շտապօգնության բժիշկները պատանուն տեղափոխել են հիվանդանոց` փակ գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ: 11 օր բժիշկները փորձել են դուրս բերել Ալեքսանդրին կոմայից, սակայն չի հաջողվել: Մինչև հիմա պատանու մահվան պատճառը չի պարզվել:
Մարզիկի դին տեղափոխել են Հայաստան, որտեղ բնակվում են նրա ծնողները: