22/01/2009 15:26
Հայէկոնոմբանկը նշում է 2008 թ-ին գրանցած ձեռքբերումները
2008 թ.-ի արդյունքներով Հայէկոնոմբանկը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ճանաչվել է ՎԶԵԲ-ի «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակներում` ՀՀ-ում գործող լավագույն Թողարկող բանկը: Այս մասին լրագրողների հետ հանդիպաման ժամանակ հայտնեց Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը:
Դավիթ Սուքիասյանը տեղեկացրեց նաև, որ բանկը գրանցել է ևս երկու ձեռքբերում: Նա նշեց, որ Հայէկոնոմբանկը ՎԶԵԲ-ի հետ 2007 թ-ի դեկտեմբերի 14-ին ստորագրել է 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սինդիկացված վարկային պայմանագիր, որի համաձայն` տրամադրվող միջոցներն ուղղվում են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
«Պայմանագրով, սույն թվականի հունվարի 20-ին նախատեսված էր վարկի` 5 մլն դոլար, առաջին մասնաբաժնի մարում, սակայն, հաշվի առնելով ծրագրի հաջող ընթացքը, Հայէկոնոմբանկի և ՎԶԵԲ-ի փոխադարձ համաձայնությամբ, նշված մասնաբաժնի մարման ժամկետը երկարացվեց մեկ տարով` մինչև 18.01.2010 թ-ը»,- տեղեկացրեց բանկի գործադիր տնօրենը:
Երրորդ ձեռքբերումը, ըստ Դ. Սուքիասյանի, Միջազգային Ֆինանսական կորպորացիայի (IFC) «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակներում Հայէկոնոմբանկին 5 մլն դոլար վարկային գծի տրամադրումն է:
Ասուլիսին ներկա ՎԶԵԲ Հայաստանի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտայնն ընդգծեց, որ Հայէկոնոմբանկը «իրենց վաղեմի և հուսալի գործընկերն է», և իրենք եկել են միասին նշելու բանկի վերոնշյալ ձեռքբերումները, որոնք «անչափ կարևոր են բանկի համար»: