22/01/2009 15:02
Շրջանառության մեջ են դրվել « Լև Յաշին» և «Խոյ» հուշադրամները
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել երկու նոր հուշադրամ:
Առաջինն արծաթե հուշադրամ է, որը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակներում և նվիրված է Լև Յաշինին:
Երկրորդը ոսկե հուշադրամ է, որը թողարկվել է խոյի պատկերով` «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում:
«Լև Յաշին» հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Հուշադրամի դարձերեսին ԽՍՀՄ դրոշի գունային ֆոնի վրա Յաշինի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Ներքևում Յաշինի ստորագրությունն է: Եզրաշուրթի վերևի ձախ մասում շրջագծով մակագրված է «LEV YASHIN»: Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, իսկ տպաքանակը` մինչև 200 հազար հատ:
«Խոյ» հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է ՀՀ զինանշանը, որից վերև նշված է թողարկման տարեթիվը` 2009: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի և եզրաշուրթի միջև առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Շրջանագծերի միջև դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների գրաֆիկական խորհրդանիշները: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա խոյի պատկերն է: Ներքևի աջ մասում պատկերված է խոյ կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Հուշադրամի անվանական արժեքը 10 հազար դրամ է, իսկ տպաքանկը` մինչև 10 հազար հատ: