22/01/2009 14:10
Վճռաբեկ դատարանը բավարարել է «Մելտեքս» ՍՊԸ-ի բողոքները
Հունվարի 19-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը, քննարկելով «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ բողոքը, որով նա պահանջում է վերանայել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2004 թվականի ապրիլի 23-ի որոշումը, հաշվի առնելով «Ա1+»-ի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որոշել է, որ նոր հանգամանքների հիմքով պետք է հարուցել դատական ակտի վերանայման վարույթ, քանի որ «Մելտեքս» ՍՊԸ բողոքը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.24-րդ հոդվածի պահանջներին։
Դրանից զատ, Վճռաբեկ դատարանը բավարարել է նաև «Մելտեքս» ՍՊԸ-ի մեկ այլ բողոք և նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթ է հարուցել: Այս դեպքում «Մելտեքսը» պահանջել է վերանայել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2004 թվականի փետրվարի 27-ի վճիռը, որով ժամանակին «Մելտեքսը» պահանջել էր պարտավորեցնել ՀՌԱՀ-ին , որպեսզի նա «Ա1+»-ին 63-րդ դեցիմատրային կապուղու մրցույթի հաղթող ճանաչելու և արտոնագիր տալու մասին որոշում ընդունի:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե վճռաբեկ դատարանն անհիմն ձգձգում էր «Մելտեքս» ընկերության բողոքների քննարկումը, վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունից հայտնում են, որ նշյալ քաղաքացիական գործերը դատարանը ստացել էր հունվարի 13-ին և իրավասու էր քննարկել միայն ՀՀ նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով համապատասխան նշանակումներ կատարելուց հետո, որոնք պաշտոնապես հրապարակվել են հունվարի 16-ին։ Խոսքը Նախագահի կողմից Վճռաբեկ դատարանի երկու պալատներում առաջացած թափուր պաշտոններում դատավորներ նշանակելու մասին է:
«Բանն այն է, որ 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխություններով այսուհետ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը պետք է կազմված լիներ պալատի նախագահից և ինը դատավորից, իսկ մեկ այլ փոփոխությամբ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ՝ պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով։ Ուստի հունվարի 13-ի դրությամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավասու չէր քննարկել վերոնշյալ քաղաքացիական գործերով ընկերության բողոքները»,-հայտնում են վճռաբեկ դատարանից: