23/01/2009 14:45
Կրկին աճուրդի կդրվի «Բջնի»-ն
«Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի գույքի գնման համար հայտարարված աճուրդը վերսկսելու է այսօր երեկոյան ժամը 17:00-ից: Այդ մասին տեղեկացրեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը: Ըստ մամուլի քարտուղարի, աճուրդը կտևի 10 օր:
Հիշեցնենք, որ աճուրդը դադարեցվել էր դեռ դեկտեմբերի 23-ին, երբ ԴԱՀԿ ծառայությունում մուտքագրվել էր Հյուսիսային քաղացիական դատարանի գրությունը, համաձայն որի «Սատուրն շինմորտաժ» ՍՊԸ-ի կողմից հայց էր ներկայացվել «Բջնի»-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ ու ընդունվել էր վարույթ:
Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37 հոդվածի 4 կետի հարկադիր կատարողը կասեցրել էր «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները:
Այնուհետև հունվարի 9-ին ԴԱՀԿԾ-ն Հյուսիսային քաղացիական դատարանից ստացել է գրություն, որի համաձայն, «Բջնի»-ի սնանկության գործն ավարտվել է, և հայցը մերժվել է: