23/01/2009 14:34
Ռուսաստանը մեզ կօգնի՞
Տնտեսական ճգնաժամի միտումներն այսօր արդեն իրենց քայքայիչ գործն են կատարում Հայաստանում: Սա է, թերևս, այն հիմնական հանգամանքը, որ պատճառ հանդիսացավ, որպեսզի ՀՀ իշխանությունները դիմեն ՌԴ-ին` իրենց գործընկերներին ֆինանսական օժանդակություն տրամադրելու խնդրանքով:
Փաստ է, որ այսօր արդեն բանակցություններ են վարվում Ռուսաստանից վարկային միջոցներ ստանալու ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի (rian.ru) գործակալությունը` մեջբերելով ՌԴ փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ա.Կուդրինի խոսքերն այն մասին, թե «նրանք արդեն բանակցում են իրենց հայ գործընկերների հետ վարկային միջոցներ տրամադրելու ուղղությամբ»: Կուդրինը, սակայն չմանրամասնեց վարկի տրամադրման պայմանները` կապված այն մարելու ժամկետի և տարեկան տոկոսադրույքի հետ:
Ի դեպ. 2008թ-ին նմանօրինակ խնդրանքով ՌԴ-ին արդեն դիմել էր Բելառուսը: Այն ժամանակ պաշտոնական Մոսկվան համաձայնել էր հարևան երկրին` որպես օժանդակություն, 2 մլրդ դոլար տրամադրել. վարկի կեսը տրամադրվել էր մինչև 2008-ի ավարտը, մյուս մասը տրամադրվելու է 2009թ-ին:
Հարկ է նշել նաև, որ 2008թ-ին եվրոպական մամուլում ոչ հաստատված տեղակտվություն էր տարածվել առ այն, թե Մոսկվան 4 մլրդ դոլար վարկ է տրամադրելու այս անգամ արդեն Իսլանդիային, որn էականորեն տուժել է միջազգային տնտեսական ճգնաժամից: Պաշտոնական Մոսկվան վարկ տրամադրելու փաստը հերքեց` միաժամանակ հաստատելով, որ այդօրինակ բանակցություններ իրոք տեղի են ունեցել:
Հիշեցնենք, որ Մոսկվան այսօր ոսկու և արտարժույթի ամենից մեծ պաշարներ ունեցող երկրներից է, որոնք, սակայն` նավթի և մետաղական հումքի միջազգային գների կայուն անկման պատճառով, նվազման միտում ունեն: Ֆինանսական ծավալների նվազման պատճառներից մյուսը` ՌԴ-ի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի բավական խոշոր ծավալներ շուկա մտցնելն է, ինչը նպատակ ուներ հարաբերականորեն բարձր նշաձողի վրա պահել ռուսական ռուբլուն:
Սակայն ընդգծենք, որ անգամ նմանատիպ պայմաններում, ՌԴ-ն բավական հզոր ֆինանսականան ռեսուրսների է այսօր տիրապետում և, ամենայն հավանակությամբ, Բելառուսը, Իսլանդիան և Հայաստանը վերջին երկրները չեն լինի, ովքեր ֆինանսական օժանդակության հարցող կդիմեն նրան: