24/01/2009 13:44
Բելառուսին մերժեցին վարկ տրամադրել
Բելառուսը Ռուսաստանին խնդրել էր 100 մլրդ ռուբլի վարկ տրամադրել, սակայն մերժվել է: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, Ռուսաստանը վարկի դիմաց Բելառուսին առաջարկել է փոխադարձ առևտուրը կատարել ռուսական ռուբլով:
Հիշեցնեք, որ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ Հայաստանը ևս դիմել է ՌԴ-ին վարկ ստանալու խնդրանքով: Միևնույն ժամանակ ռուս պաշտոնյան հրաժարվել էր խոսել հնարավոր փոխառության ծավալների ու պայմանների մասին:
Հայկական կողմից այս տեղեկատվությունը հաստատել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով Հայաստանը, բացի Ռուսաստանից, ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլարի աջակցություն է խնդրել Համաշխարհային բանկից, Զարգացման ասիական բանկից ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից: Այս մասին հայտնել է ռուսական Ինտերֆաքս գործակալությունը` վկայակոչելով Հայաստանի կառավարության իր անանուն աղբյուրին: