26/01/2009 15:38
Ո՞վ է մեղավոր
Ակնհայտ է, որ ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամն իր հիմքում ունի` միջազգային տնտեսության կառավարման մեջ մարդկային գործոնի կողմից թույլ տրված սխալները: Սակայն ովքե՞ր են մեղավոր այդ հարցում, ու՞մն է հիմնական մեղքը: Հարցեր, որոնց փորձել է պատասխանել բրիտանական «Գարդիան» (guardian.co.uk) պարբերականը:
Ըստ պարբերականի, մեղավորները 25-ն են, որոնցից առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավար Ալան Գրինսպենը: Ըստ Գարդիանի նա «մեղավոր է, որ` ցածր տոկոսադրույթների և հիպոթեկային ոլորտում անբավարար վերահսկման պայմաններում, «հիպոթեկային փուչիկին» թույլ է տվել աճել»:
Ներկայիս ճգնաժամը` տնտեսական բնականոն գործընթաց չէ, որ տեղի է ունենում միջազգային տնտեսական և ֆինանսական համակարգում: Այն մարդկային գործոնի` տնտեսաֆինանսական գործընթացները ոչ բավարար չափով վերահսկելու արդյունք է:
Ինչ վերաբերում է քաղաքական և պետական գործիչներին, ապա Գարդիանի «տնտեսական ճգնաժամի մեղավորների ցուցակի» առաջին հորիզոնակում ԱՄՆ նախկին նախագահ Բ.Քլինթոնն է: Հենց նրա պաշտոնավարման տարիներին օրենքներ են ընդունվել, համաձայն որոնց` հասարակության ոչ բավարար վճարունակ շերտերին հնարավորություն է տրվել անշարժ գույք ձեռք բերելու նպատակով բանկերից ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալ:
Քլինթոնից բացի ԱՄՆ-ի` արդեն նախկին նախագահ Ջ.Բուշը նույնպես «ակտիվ մասնակցություն է ունեցել» միջազգային ֆինանսական ներկայիս ճգնաժամի համար անհրաժեշտ «հողի սնուցմանը»: Նրա մեղքը նրանում է, որ Բուշը ոչ միայն չկանգնեցրեց Քլինթոնի վարչակազմի ցածր հիպոթեկային քաղաքականությունը, այլ նաև մեծացրեց նրա տեմպերը:
Մեղավորների ցուցակում է նաև Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապես Գորդոն Բրաունը, որը «ֆինանսիստների շահերը` արտադրողների շահերից ավելի բարձր դասեց»:
Գարդիանի ցուցակում են նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ֆինանսական մի շարք գործակալություններ, բանկեր. «American International Group Inc.», «Goldman Sachs, Lehman Brothers», «Merrill Lynch», «Halifax Bank of Scotland», «Royal Bank of Scotland», «Bradford & Bingley», «Northern Rock, Bear Stearns», «Bank of England» բանկերը և այլոք:
Պարբերականը վերոնշյալից զատ մեղադրեց միլիարդատեր և ֆինանսիստ Ջ.Սորոսին, միլիրադատեր Ուորեն Բաֆեթին և ամերիկյան հեջ-ֆոնդի ղեկավար Ջոն Պոլսոնին այն բանում, որ «նրանք տեսնում էին ճգնաժամի գալուստը, սակայն ոչինչ չէին ձեռնարկում այդ ուղղությամբ»:
Մեղադրելը, անկասկած «շատ օգտակար» գործ է, սակայն «ո՞վ է մեղավոր» հարցին պատասխանելուց զատ, հարկ է պատասխանել մեկ ավելի կարևոր հարցի` «իսկ ի՞նչ անել»: