26/01/2009 17:50
Հայաստանը միակ երկիրն է, որտեղ «դրամը» արժևորվել է
2009 թվականը առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդով է սկսվել: Ներմուծումը 5 անգամ գերազանցում է արտահանմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Իրավիճակը, նրա գնահատմամբ, դեռ վատթարացման միտում ունի, քանի որ տարին դեռ ամփոփված չէ` վիճակագրական ցուցանիշների առումով, սակայն, համաձայն այն վիճակագրական ցուցանիշների, որոնք գրանցվել են, նկատվում է ներմուծման 42% և արտահանման 0.8% աճ: Նման աճը Մանասերյանը անբավարար գնահատեց, սակայն առաջարկեց իրավիճակի հաղթահարման իր մոտեցումները` տնտեսության մրցունակության բարձրացում և հայրենական ապրանքների արժևորում:
«Սակայն ազգային դրամանիշի այսպիսի գերարժևորումը բնավ չի նպաստում այս ամենին, այն էլ այն դեպքում, երբ սա տեղի է ունենում համաշխարհային արժույթների արժեզրկման ֆոնի վրա»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:
Նրա հավաստմամբ` արժևորման արդյունքում տեղի է ունենում ապրանքների գների բարձրացում, որ ուղղակիորեն հարվածում է սոցիալական իրավիճակին: Մանասերանը նշեց նաև, որ Հայաստանի կառավարությունը հիմքեր ունի ասելու, որ այսօր մեր արտաքին պարտքը համեմատաբար քիչ է, սակայն դա բավարար չէ նոր վարկեր վերցնելու համար, եթե չկան ներքին երաշխիքներ, որ դրանք իրականություն կդառնան, և ոչ թե բեռ` եկող սերունդների համար:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ պետության կողմից վերահսկելի լինի վարկային դաշտը, այլապես «շատ միջազգային կազմակերպություններ նույն ծրագրերի անվան տակ միլիոնավոր գումարներ են մսխում»,- ասաց Մանասերյանը` նշելով, հատկապես, սննդի անվտանգության պահպանման համար ծախսվող գումարները:
«Հայաստանը փոքր երկիր է, և տնտեսությունը պետք է լինի հաշվառելի»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:
Նա չբացառեց այն հանգամանքը, որ քայլեր արվում են: Իբրև օրինակ` նա ներկայացրեց ՀԴՄ-ների կիրառումը և դրա հետ կապված շահումային ակցիայի իրականացումը:
Թ. Մանասերյանը կարևորեց այն հանգամանքը, որ մանր և միջին բիզնեսը գտնվում են պետության ուշադրության կենտրոնում` նշելով նաև վարչապետի այցը ոսկու տոնավաճառներ, սակայն նրա համար առավել գնահատելի կլինի, երբ խոշոր բիզնեսն, ի վերջո, կբերվի հարկային դաշտ: