27/01/2009 14:55
ՀՀ վարչապետ ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ-ի հետ համագործակցությանը, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով բանկի կողմից Հայաստանին հնարավոր աջակցությանը, ինչպես նաև հեղինակավոր ֆինանսական այլ կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցությանն ու ընթացիկ բանակցություններին վերաբերող հարցեր:
Վարչապետը հույս է հայտնել, որ ՀԲ-ի հետ Հայաստանի հաջող գործակցությունը, նաև` անցյալ տարի բանկի ղեկավարության հետ վաշինգտոնյան հանդիպումներն ու պայմանավորվածությունները կարդարացնեն մեր ժողովրդի սպասումները` հետագա արդյունավետ համագործակցության առումով: Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանն իր կատարողական բարձր ցուցանիշով մշտապես ներկայացվել է որպես բարեփոխումների օրինակելի երկիր:
Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի առաջին ալիքը մեր երկրին հաջողվել է անցնցում հաղթահարել` ի տարբերություն շատ երկրների, որտեղ ստիպված են ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ զգալի միջոցներ ծախսել:
ՀՀ կառավարության ղեկավարը ՀԲ-ին տեղեկացրել է, որ Հայաստանը հաջող բանակցություններ է վարում այլ ֆինանսական կազմակերպությունների` Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Առեւտրի և զարգացման սևծովյան բանկի հետ և նախատեսում է ՓՄՁ-ի վարկավորման նպատակով նրանցից ակնկալվող գումարի չափն ավելի մեծացնել` ի հաշիվ ՀԲ-ից այդ նպատակով ակնկալվող գումարի, նկատի առնելով, որ ՀԲ-ի հետ իրականացվող ծրագրերը, ի տարբերություն վերոնշյալ ֆինանսական կազմակերպությունների, ոլորտային առումով ավելի լայն ընդգրկում ունեն: Դա թույլ կտա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարբեր ոլորտներում նախատեսվող միջոցառումների ֆինանսավորմանը: