28/01/2009 12:57
Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը
Շվեյցարիայի Դավոս քաղաքում այսօր մեկնարկում է 39-րդ ամենամյա տնտեսական համաժողովը: Այս անգամ համաժողովը կանցնի ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցության ներքո, որին դիմկայելու համար, ֆրանսիական Աօլ.ֆր-ի (aol.fr) հաղորդմամբ, քաղաքական և գործարար միջազգային էլիտան կփորձի ուղիներ գտնել:
Համաժողովի կազմակերպիչների կարծիքով, այս անգամ համաժողովը «պատմական» է լինելու` մասնակիցների ռեկորդային քանակի առումով: Ընդհանուր առմամբ, համաժողովին սպասվում է շուրջ 2.500 տարբեր երկրների պատվիրակների ներկայություն, որոնցից 40-ը` երկրների նախագահներ են:
Սպասվում է, որ բացման արարողության խոսքը կտրամադրվի ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին:
Համաժողովին մասնակցելու համար Դավոսում կգտնվեն նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն և այլ պաշտոնատար անձիք:
Նշենք, որ այսօր Դավոսում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: