29/01/2009 11:11
Համաշխարհային ճգնաժամը լրջորեն է ազդել Ռուսաստանի վրա
Պատմության մեջ առաջին անգամ Համաշխարհային տնտեսական ֆորումը բացելու պատիվը վերապահվել է Ռուսաստանին: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն իր ելույթում հայտարարել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը լրջորեն անդրադարձել է Ռուսաստանի վրա:
«Ճգնաժամն, իհարկե, ազդել է նաև մեր վրա, ընդ որում` լրջորեն է ազդել մեր երկրի վրա», - Ինտերֆաքս (interfax.ru) գործակալության համաձայն, ընդգծել է ՌԴ վարչապետը:
Շվեյցարական Դավոսում երեկ բացվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության Համաշխարհային տնտեսական ֆորումը:
Ներկայիս ֆորումն անցկացվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, այդ իսկ պատճառով էլ 96 երկիր ներկայացնող 2,5 հազար քաղաքական գործիչների, համաշխարհային բիզնես էլիտայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման թեման:
Աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկվում են առավել սուր խնդիրներ` ճգնաժամի պատճառը, ինչպե՞ս խուսափել դրա կրկնությունից, ի՞նչ է պահանջվում` համաշխարհային ֆինանսական, էներգետիկ ռեսուսների կառավարումը կատարելագործելու համար: Այս մասին հաղորդում է Նյուսռու-ն (newsru.com):