29/01/2009 13:32
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ճանաչվել է Հայաստանում ամենախոշոր հարկատուն
«2008 թ-ի գործունեության արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելացրել է բազային կայանների թիվը` այն հասցնելով 750-ի, կառուցել է մոտ 100 կիլոմետրանոց օպտիկական ցանց, Հայաստանի տարածքում ապահովել է մինչև 99.2 տոկոս ռադիոծածկույթ, ընկերությունից օգտվող բաժանորդների թիվը գերազանցել է 2 միլիոնը, Հայաստանի շուկայում ընկերության մասնաբաժինը կազմել է ավելի քան 78 տոկոս և այն ճանաչվել է ամենախոշոր հարկատուն` պետությանը վճարելով 30.8 մլրդ դրամ հարկ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ամփոփելով 2008 թ-ը, հայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը:
Ընկերության գլխավոր տնօրենը` իրականացված ծրագրերի շարքում, առանձնացրեց բազմաթիվ նոր սակագնային փաթեթների շահարկումը, ինչն ընտրության լայն հնարավորություններ է ստեղծել բաժանորդների համար: Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ավելացրել է իր սպասարկման կենտրոնների թիվը` այն տարեվերջին հասցնելով 95-ի, որոնցից 82-ը անշարժ, 13-ը` շարժական սպասարկման կենտրոններ: Ռոմինգ ծրագրի ընդլայման արդյունքում` ընկերությունը 2008 թ-ին 149 երկրներում ունի 281 գործընկեր:
«Հասարակությունից ստացած մեր եկամուտի մի մասը պետք է վերադարձնենք հասարակությանը», - խոսելով ընկերության իրականացրած բազմաթիվ կորպորատիվ սոցիալական ծրագրերի մասին, ընդգծեց Ռ. Երիկյանը:
Ընկերության գլխավոր տնօրենի խոսքերի համաձայն` ընկերությունը 2009 թ-ին շարունակելու է իր ակտիվ գործունեությունը: Նախատեսվում է 95 մլն դոլարի ներդրում կատարել` ցանցը զինելու և ավելի զարգացնելու համար: Ստեղծվելու է նոր ` երրորդ սերնդի (3G) ցանց` բաժանորդների սպսարկումը ընդլայնելու և նորարարություններով հագեցնելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդնելու է չորրորդ կոդը, քանի որ ընկերության ունեցած 3 կոդերի` 093-ի, 094-ի և 077-ի 60 տոկոսն արդեն իրացվել է:
Ընկերության տնօրենը տեղեկացրեց նաև, որ ընկերությունը շարունակելու է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը: 2009 թ-ի համար այս ծրագրերը իրականացվելու են երեք հիմնական ուղղվածություններով` «ՎիվաՍել-ՄՏՍ-ը` երեխաներին», « ՎիվաՍել-ՄՏՍ-ը` մշակույթի բարեկամ» և « ՎիվաՍել-ՄՏՍ-ը `սպորտի գործընկեր»: