30/01/2009 11:03
Արսենյանին խորդուրդ են տալիս ընթերցել 141-րդ հոդվածի 8-րդ կետը
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Սասուն Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը` միանալով որոշ քաղաքական ուժերի կողմից Քրեակատարողական համակարգը քաղաքական ինտրիգների մեջ ներգրավվելու անհույս փորձերին, լրատվության առանձին միջոցներով տարածել է ակնհայտ սուտ տեղեկություններ այն մասին, թե իբր ինքը ներկայացրել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Մարտիրոսյանին` իր պաշտպանյալ Սասուն Միքայելյանին` «Դատապարտյալների հիվանդանոց» կամ այլ բժշկական հաստատություն տեղափոխելու միջնորդություն:
Պաշտպանը մոռացության է մատնել իր ձեռքով ստորագրած այն միջնորդությունը, ըստ որի, ինքը միջնորդել է Քրեակատարողական վարչության պետին` իր պաշտպանյալին ոչ թե որևէ բժշկական հաստատություն, այլ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար:
Ստացվում է, որ պաշտպանին իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը կամ չի հետաքրքրում, կամ պարզապես քաղաքական հանձնարարությունները կատարելիս շփոթվել է: Կասկածից վեր է, որ փաստաբանը տեղյակ է Քրեակատարողական ծառայության կազմում գործող «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գոյության մասին:
Անկասկած, վերջինս տեղյակ է նաև, որ բացի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից, որը բժշկական հաստատություն է, Արդարադատության նախարարության կազմում գործող բոլոր քրեակատարողական հիմնարկներում առկա են միատեսակ բժշկական ծառայություններ:
Սակայն վերջինս հենց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու փոխարեն միջնորդել է իր «ծայրահեղ հիվանդ» պաշտպանյալին տեղափոխել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ի պատասխան ներկայացված միջնորդության, քրեակատարողական վարչության պետի կողմից պաշտպանին ուղարկվել է գրություն, ըստ որի հայտնվել է, որ «Կալանավոր Սասուն Միքայելյանին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար անհրաժեշտ է Երևանի քրեական դատարանի որոշումը»: Փաստաբանը,«ծանոթ» լինելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին, նույն հայտարարություններում հայտնել է կարծիք այն մասին, որ իբր «դատարանի լիազորությունների և իրավասությունների մեջ չի մտնում որոշել, թե որ քրեակատարողական հիմնարկում պետք է պահվի կալանավորը: Դա քրեակատարողական հիմնարկի ֆունկցիաների մեջ է մտնում»:
Վերջինիս խորհուրդ ենք տալիս ընթերցել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գոնե 141-րդ հոդվածի 8-րդ կետը, որը սահմանում է` կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա կալանքի տակ պահվող անձին տեղափոխել մեկ այլ քննչական մեկուսարան»: