30/01/2009 10:52
«ԲՋՆԻ»-ի տնօրենը է դիմում-բողոք է տարածել
«ԲՋՆԻ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն` Լ. Հարությունյանը տարածել է դիմում-բողոք, որում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Սարգսյան, Հարգարժան պարոնայք և տիկնայք: Այս բողոքը հղում ենք Ձեզ, հույս ունենալով, որ կաջակցեք օրինականության վերահաստատման գործընթացին: Ինչպես տեղյակ եք «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) հետ վերջերս տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք մի շարք միջազգային կառույցների և ներքաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում են: Բջնի ընկերության նկատմամբ հարկային ծառայողները կազմել են ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճարի գծով ակտ, առաջարկելով այդ գումարը վճարել տասնօրյա ժամկետում: Ակտը կազմելու հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ իբր Ընկերությունը հանքավայրի վրա 2005թ. դրված հաշվիչը սխալ վայրում էր տեղադրել և այդ իսկ պատճառով հարկային ծառայողները հաշվարկել էին գետնի տակից դուրս եկած հանքային ջրի արագությունը (լիտր/վայրկյան) և այդ հաշվարկը տարածել էին ամբողջ ժամանակաշրջանի վրա»:
«Խնդրում ենք` Ձեր օժանդակությունը`«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքի անօրինական հարկադիր աճուրդը դադարեցնելու կապակցությամբ»,- նշված է դիմումում:
Դիմում-բողոքը ուղարկվել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ Արդարադատության նախարար Գ. Դանիելյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանին, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին, այլ պաշտոնատար անձանց, դեսպաններին և մեր երկրում միջազգային կառույցների ղեկավարներին: